Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «շատ հպարտ եւ ուրախ» է լսել տեղեկությունը, որ կինը, ում մումիացված աճյունը հայտնաբերել են տասնյակ տարի առաջ, իր հեռավոր ազգականն է համարվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Շատ ուրախ եմ լսել իմ «նախանախամումիայի» մասին… Շատ հպարտ եմ»,- նշել է Ջոնսոնը Twitter-ում

Գտնված մումիայի ԴՆԹ հետազոտությամբ ապացուցվել է նրա ազգակցական կապը Բիշոֆ հարուստ ընտանիքի անդամների հետ, որի ժառանգներից է Բորիս Ջոնսոնը մայրական կողմից: Աննա Կատարինան ծնվել է 1719 թվականին Բազելում, ամուսնացած էր հոգեւորականի հետ եւ մահացել է հաճախորդներից մեկից սիֆիլիսով վարակվելուց հետո, ում հիվանդանոցում խնամել է, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կնոջ մումիացված մարմինը 1975 թվականն հայտնաբերել են Շվեյցարիայում Բազելի եկեղեցիներից մեկի  բեմի տակ: Այդ ժամանակ գիտնականները չէին կարողացել կնոջ անձը նույնականացնել, սակայն թեստերը հաստատել էին, որ նա սնդիկի թունավորումից է մահացել, որով այդ ժամանակ բուժում էին սիֆիլիսը: Ավելի ուշ պատմաբանները ենթադրել են, որ կինը կարող էր պատկանել Բիշոֆ հարուստ ընտանիքին, որի անդամները XVIII դարում բնակվել են Բազելում: