Անապայում անցկացվող «Կինոշոկ» փառատոնին Հայաստանը կներկայանա Հարություն Խաչատրյանի «Սահման» կինոնկարով։ Երեկ, սեպտեմբերի 13-ին Անապայում տեղի է ունեցել 18-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացվելու են եւս 10 ֆիլմեր միութենական նախկին հանրապետություններից։ Դրանք են՝ Կիրա Մուրատովայի (Ուկրաինա) «Մեղեդի շարմանկայի համար», Նանա Ջորջաձեի (Ռուսաստան-Վրաստան) «Մետեոապուշը», Յոլկին Տույչիեւի (Ուզբեկստան) «Լռություն», Իգնաս Միշկինիսի (Լիտվա) «Մոտակա լույս», Վալերի Յամբուրսկիի (Ուկրաինա) «Պարտվածների օրը», Գեորգի Օվաշվիլիի (Վրաստան-Ղազախստան) «Մյուս ափը», Յերմեկ Տուրսունովի (Ղազախստան) «Կելին», Մարատ Սարուլուի (Ղազախստան – Ռուսաստան) «Հարավային ծովերի երգը», Օքթայ Միր-Ղասիմի (Ադրբեջան) «Ողջո՜ւյն, իմ հրեշտա՜կ» ֆիլմերը եւ ռուսաստանյան մեկ կինոնկար՝ Ստանիսլավ Միտինի «Հետնամուտք» ֆիլմը։

«Կինոշոկի» ժյուրիի ղեկավարն է գրող Վլադիմիր Մականինը, ինչպես նաեւ փառատոնի ֆիլմերը դատելու են ռեժիսոր, օպերատոր Վիդուգիրիս Ալգիմանտասը, դերասանուհի Ալլա Դեմիդովան, կինոռեժիսոր, պրոդյուսեր Միխայիլ Կալատոզիշվիլին ու կինոգետ Իրինա Պավլովան։