Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները Վոյնիչի ձեռագրի ուսումնասիրման համար արհեստական ինտելեկտ են կիրառել։ Նրանց հաջողվել է որոշել փաստաթղթի լեզուն եւ թարգմանել դրա առաջին նախադասությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուսումնասիրության համար գիտնականները մշակել են ալգորիթմ, որը 97 տոկոս ճշգրտությամբ ճանաչել է  380 լեզուներով թարգմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզուն: Վոյնիչի ձեռագրին դեպքում կիրառելով՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն գրված է եբրայերենով:

Առաջին նախադասությունը, նրանց խոսքով, ասում է․ «Նա առաջարկներ ներկայացրեց քահանային, տան գլխավորին, ինձ եւ ժողովրդին»: Բացի այդ, տեքստում հանդիպում են «գյուղացի», «լույս», «օդ» եւ «հրդեհ» բառերը:

Վոյնիչի ձեռագիրը գրվել է 15-րդ դարում եւ բաղկացած է 240 էջից։Այն պատկերում է գիտությանը անհայտ բույսեր եւ երկնային մարմիններ։