«ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բրիտանացի փաստաբան Ջերեմի Մակբրայը դիմել է Ադրբեջանի պետական մարմիններին՝ խնդրելով պայմաններ ստեղծել իր պաշտպանյալի հետ շփման համար։
Contact.az-ը հաղորդում է, որ, մասնավորապես, նա խնդրում է թույլ տալ իրեն հանդիպել Մամեդովի հետ կամ խոսել սկայպի միջոցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Մամեդովի գործի հետ կապված հարցերի քննարկման համար։ Բրիտանացի փաստաբանը միացել է Մամեդովի պաշտպանությանը նախորդ տարվա վերջին։
Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013 թվականի հունվարին Իսմայիլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ 2014 թվականին նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ը 2014 թվականին որոշել էր, որ Մամեդովը ձերբակալվել է առանց ապացույցների, իսկ նրան ազատազրկելու հիմնական նպատակը կառավարությանը քննադատելու համար պատժելն է եղել։
Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի որոշման կատարումից հրաժարվելուց հետո՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 46-րդ կետին համապատասխան (ՄԻԵԴ որոշումները կատարելու պարտավորություն) Ադրբեջանի դեմ սկսել է հատուկ գործընթաց եւ հարցը տեղափոխել է ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանը։ Եթե Մեծ պալատը Ադրբեջանին մեղավոր ճանաչի ՄԻԵԴ որոշումները չկատարելու մեջ, ապա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կդիտարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։




























