Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ: Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։
Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի եւ մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային եւ գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման կարեւորությունը։
Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետեւյալ ռազմավարական հեռանկարները՝
• 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման եւ առկա միջոցների թարմացման շեշտադրում)
• 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
• 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում)
Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկումների, ինչպես նաեւ շրջանառվել է հանրապետական գործադիր մարմինների միջեւ։ Հանրային քննարկումների ընթացքում եւ Հանրապետական կառավարական մարմինների կողմից կատարված նկատառումներն ու դիտարկումներն ամփոփման փուլում են:
Փաստաթղթի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Իրականացվել է բարդ եւ կարեւոր աշխատանք: Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է՝ կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու առումով»,- ասել է վարչապետ Կարապետյանը:





























