Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստի ընդմիջման ժամանակ 3 ամբաստանյալների համար հրավիրվել է «Շտապօգնության » ծառայություն: Այս մասին հայտարարեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մեսրոպ Մակյանը նշեց, որ ընդմիջման ընթացքում «Շտապօգնության » ծառայություն է հրավիրվել Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, եւ Արայիկ Խանդոյանի համար, չափվել է նրանց զարկերակային ճնշումը եւ տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք:

Նշենք, որ  այս պահին գործով մեղադրողն ընթերցում է գործում առկա ապացույցները,որից հետո պաշտպանները հանդես կգան հայտարարություններով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: