Շաբաթվա վերջում հայ հանրությունը կդառնա հանրահավաքային նոր ալիքի վկան, որն արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է նախաձեռնել ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի։ Սակայն ողջ խնդիրը հանգում է նրան, թե կհաջողվի արդյո՞ք հանրահավաքային ակտիվություն առաջացնել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման եւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի կապակցությամբ։

Հանրահավաքների աշխուժացման ճանապարհին կարեւորագույն խոչընդոտ է մշտապես դժգոհ ընտրազանգվածի ակտիվ մասի այն առանձնահատկությունը, որը որպես կարեւորագույն իր նպատակ տեսնում է ցանկացած գնով «ավազակապետական վարչակարգից Հայաստանի ազատագրումը», ինչն ընկալվում է որպես շատ ավելի կարեւոր ազգային խնդիր, քան Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը։ Եվ այստեղ է թաքնված գլխավոր ինտրիգը. կամ կգործի իշխանությունների դեմ պայքարի աշխուժացման համար ցանկացած առիթն օգտագործելու անհրաժեշտության էֆեկտը, եւ այդ ժամանակ կարելի է սպասել ՀԱԿ-ի զանգվածային հանրահավաքների ու երթերի անցկացում, կամ էլ ամեն բան կավարտվի մեկ կամ մի քանի բողոքի ակցիաներով՝ մշտապես դժգոհ ընտրազանգվածի կողմից ակտիվ աջակցության բացակայության պատճառով։

Կանխատեսել, թե տարբերակներից որը կաշխատի, շատ բարդ է։ Սակայն ակնհայտ է մեկ բան. արտախորհրդարանական ընդդիմության կողմնակիցների առաջին հանրահավաքը, որը նախատեսված է առաջիկա ուրբաթ օրը, ամեն դեպքում, կլինի բավական բազմամարդ ու կհավաքի ոչ պակաս մասնակիցներ, քան հուլիսի վերջում տեղի ունեցած վերջին ակցիան։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ հայ-թուրքական փաստաթղթերի նախաստորագրման մասին հանկարծակի հաղորդումից հետո հասարակության զգալի մասը տարակուսանքի մեջ է. իշխանությունների կողմնակիցները երբեք չեն առանձնացել որեւէ դիրքորոշում հայտնելու ունակությամբ՝ առանց երկրի ղեկավարության անմիջական հրահանգի, եւ շատ մարդիկ կգտնվեն, որոնք կցանկանան լսել փորձառու քաղաքական գործչի կողմից հնչեցված պաշտոնական տեսակետից տարբերվող միտք։ Իսկ հետագա դինամիկան կախված կլինի բացառապես ընդդիմության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակությունից։ Եթե վերջինիս փաստարկները համոզիչ լինեն, իսկ ամենագլխավորը՝ կառաջարկվի բողոքի գործողությունների կոնկրետ ծրագիր, ապա դա կարող է այս կամ այն չափով ապահովել քաղաքապետարանի կողմից արդեն թույլատրված հանրահավաքների զանգվածայնությունը սեպտեմբերի 18-ի մոտական շաբաթվա ընթացքում։ Հակառակ դեպքում, ալիքը կմարի՝ չհասցնելով բարձրանալ։

Ամեն դեպքում, մնում է արձանագրել, որ ներկա դրությամբ Հայ ազգային կոնգրեսը երկրում առկա քաղաքական հզոր միակ ուժն է, որն ունակ է իր ինքնուրույն ծանրակշիռ խոսքն ասելու նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ներքաղաքական քննարկումների ընթացքում։ Քանի որ ՀՅ Դաշնակցության կողմից վաղվանից նստացույց ու հացադուլ սկսելու մտադրության հասարակական աջակցությունը չափազանց փոքր է, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը անցած շաբաթ տեղի ունեցած ներկուսակցական խոշոր սկանդալից հետո իրեն լիովին վարկաբեկել է եւ կանգնած է փլուզման եզրին։ Ահա եւ ստացվում է , որ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը իշխող կոալիցիայի անվերապահ աջակցության ֆոնին այս ճակատագրական պահին որեւէ «սեփական» բան ասելու ունակ քաղաքական միակ ուժը ՀԱԿ-ն է։ Միայն իր դիրքերի ուժեղացման համար նրան հարկավոր է մոտակա օրերին համախմբված դիրքորոշում մշակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին միտումների վերաբերյալ, այլ ոչ թե մի քանի օր շարունակ հանդես գալ միմյանցից բավականին տարբերվող երկու հայտարարություններով։