Այսօր գիշերը Երեւանում տեղումներ են սպասվում, սակայն ձնածածկույթ չի լինի տաք գիշերների պատճառով: Այդ մասին դեկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության վարչության պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով, այս գիշեր ժամը 3-4-ի սահմաններում կսկսվեն տեղումները: Երեւանում այն կլինի անձրեւի տեսքով, իսկ 1200 մետրից բարձր տեղերում` ձյան տեսքով: Երեւանում թեթեւ ձյուն է տեղալու դեկտեմբերի 31-ին, ժամը 11-12-ի սահմաններում, սակայն ձնածածկույթ չի լինի: Տեղումները դադարելու են հունվարի 1-2-ին տեղումները կդադարեն: Հայպետհիդրոմետի աշխատակցի խոսքով, այդ օրերին հովտային վայրերում կգրանցվի -5-ից -6 աստիճան, իսկ ցերեկները` +1+3:
Զարուհի Պետրոսյանը նկատել է, որ Սյունիքի եւ Տավուշի հովտային շրջանների բնակիչները ձյան երես չեն տեսնի, իսկ ձնածածկույթ կլինի Ծաղկաձորում, Հրազդանում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում:
Անդրադառնալով 2010թ. եղանակին՝ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ տարին բարեհաջող չի եղել: Ձմռանը գրանցվել է նորմայից 5-7 աստիճանով բարձր ջերմաստիճան, գարնանը տեղումները գերազանցել են նորման 2-3 անգամ, եղել է ցրտահարություն: Ամառը եղել է նորմայի սահմաններում, իսկ աշունը եղել է շատ չոր: «Հայաստանում վերջին երկու ամիսների ընթացքում տեղումներ բացարձակապես չեն գրանցվել, ինչը բացառիկ երեւույթ է»,- նշել է Զարուհի Պետրոսյանը:





























