Ավստրալիական «Qantas» ավիաընկերությունը ստիպված է եղել հոկտեմբերի 10-ին չեղարկել Հռոմից Պերթ նախատեսված QF6 չվերթը։ Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի սրահում մահճակալի փայտոջիլներ հայտնաբերելուց հետո։ Այս մասին, հղում անելով փոխադրողին, հայտնում է «Sydney Morning Herald» թերթը։
«Մենք ի սրտե ներողություն ենք խնդրում ուղևորներից Հռոմից Պերթ չվերթի չեղարկման համար»,— հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
Հռոմ ժամանելուն պես օդանավը ժամանակավորապես հանվել է շահագործումից՝ արտահերթ մանրակրկիտ սանիտարական մշակում անցկացնելու նպատակով։
Միջադեպը տեղի է ունեցել «Boeing 787 Dreamliner» ինքնաթիռում, որը հոկտեմբերի 9-ին Հռոմ էր ժամանել QF5 չվերթով։ Թռիչքի ընթացքում էկոնոմ դասի առջևի հատվածի ուղևորները սկսել են բորտուղեկցորդներին բողոքել միջատների կծածներից։ Անձնակազմը տուժածներին հակահիստամինային դեղամիջոցներ է տրամադրել, սակայն դրանց պաշարը բորտում արագ սպառվել է։
Ավիաընկերությունը չեղարկված չվերթի բոլոր ուղևորներին ապահովել է հյուրանոցային կացարանով և երաշխավորել տոմսերի վերագրանցումը այլ ինքնաթիռների համար՝ 48 ժամվա ընթացքում։ «Qantas»-ում պարզաբանել են, որ սրահների պլանային ախտահանումն իրականացվում է յուրաքանչյուր 50 օրը մեկ, սակայն տվյալ դեպքում պահանջվել են արտակարգ միջոցներ իրականացնել միջատներին ամբողջությամբ ոչնչացնելու համար։




























