Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում չի հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության շրջանակում սեպտեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր է Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մեկնաբանելով նման հանդիպման հնարավարությունը՝ Սամվել Ֆարմանյանը նշել է. «Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում: Սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ»: Ֆարմանյանը նաեւ նշել է, որ նշված օրը` սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանը Երեւանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը:




























