ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության` Ծաղկաձորում անցկացվող հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին: «Ապագան մեր ձեռքերով» խորագրով եռօրյա հավաքին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունների 150 պատվիրակներ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀԿ երիտասարդական ծրագրերի իրականացմանը, տարածքային կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող խնդիրների քննարկմանը:

Ներկուսակցական կազմակերպչական հարցերից բացի, երկրի ղեկավարի ներկայությամբ առավել ակտիվ ու բովանդակալից քննարկումներ են ծավալվել հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների շուրջ, ինչպիսիք են՝ հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնահարցը, պետություն-հասարակություն երկխոսությանը, տեղեկատվական անվտանգությանը, կրթությանը եւ գիտությանը, պետական երիտասարդական քաղաքականությանը, սփյուռքի հետ կապերին առնչվող հարցեր:

Անդրադառնալով երիտասարդներին առաջնահերթ հուզող հայ-թուրքական երկխոսությանը` նախագահն ասել է, որ Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով. «Ոչինչ չանելն ամենահեշտն է»: Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է տեսնելու, որ հավաքի մասնակիցներին հուզում են ոչ միայն երիտասարդությանը վերաբերող խնդիրները: