Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քաղաքական ուժերի հետ քննարկումները։ Այս մասին հայտնում է թուրքական TRT-ի կայքէջը։

Թուրքական խորհրդարանի նախագահ Ալի Շահինի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն սեպտեմբերի 15-ին կհանդիպի Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալի հետ։ Հաջորդ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը մերժել է հանդիպել Դավութօղլուի հետ եւ քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Դավութօղլուն սեպտեմբերի 15-ին կհանդիպի նաեւ «Ժողովրդավարական ձախ» կուսակցության (DSP) եւ «Բարգավաճում» կուսակցությունների հետ։ Դավութօղլուն չորեքշաբթի հանդիպում կունենա «Ժողովրդավարական» կուսակցության եւ «Մեծ միասնություն» կուսակցության հետ։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքի Հյուիսիսային Իրաքում գտնվելու պատճառով Դավութօղլուն նրա հետ կհանդիպի ավելի ուշ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդդիմադիր հատվածի հետ հանդիպումների արդյունքները կփոխանցի վարչապետ Էրդողանին եւ նախարարների խորհրդին։