Միացյալ Նահանգներում բնակվող մի խումբ հայ մտավորականներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն Ֆրանսիայի քաղաքացի, անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանի: Նամակում մասնավորապես ասված է. «Մենք, ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք Հայոց հողի կանչով ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու Հայրենիքին նվիրված հայորդու, սփյուռքահայ, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի՝ Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Հիմնազուրկ եւ անհասկանալի է ու նաեւ անհերքելի փաստ է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու „քրեական“ մեղադրանքով ազատազրկել են»։

Նամակի հեղինակները «զայրացուցիչ են որակել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ ՊԲ կեցվածքը, որոնք հայտարարում են՝ իբր իրենց արխիվներում Հացպանյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը հաստատող փաստեր չկան»: «Եթե այդպես է, խորհուրդ ենք տալիս դիտելու ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մտերիմների՝ ազատամարտիկի անձնական արխիվից հավաքած արցախյան պատերազմին Հացպանյանի ունեցած ավանդը փաստող տեսագրություններով վերջերս պատրաստված ամբողջական ֆիլմը, ուր ներկայացված է, թե ինչպես է Հացպանյանը իր տեսախցիկով վավերագրել է Արցախի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունները եւ նա հանդես է գալիս որպես ազատամարտիկ՝ Քելբաջարի օպերացիայի ու Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Հացպանյանը բոլոր վճռական ազատամարտերի ժամանակ իր տեսախցիկով եղել է „Ազատագրական բանակի“ (Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատի, որի անդամ էր նաեւ Հացպանյանը) հետ»,- գրել են հայ մտավորականները՝ պահանջելով «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի համաներման օրենքը տարածվի Ս. Հացպանյանի վրա, քանի որ նա իսկապես մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին եւ Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող դա ուրանալ»:

Հիշեցնենք, որ Հացպանյանը անազատության մեջ է 2008թ. հոկտեմբերից: Նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տվսծ հարցազրույցում հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է կազմակերպում Սերժ Սարգսյանի դեմ: Հացպանյանին ձերբակալել եւ սուտ մատնության համար դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման: