Հունվարի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում «Շտապ բուժօգնության» բրիգադը Արշակունյաց պողոտայից մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ մի աղջկա:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում 21-ամյա Սարգիս Արարատի Մանուկյանը Արշակունյաց պողոտայում վարելով «Քրայսլեր» մակնիշի 01 ՕԼ 800 համարանիշի ավտոմեքենան, չկարողանալով ղեկավարել այն, դուրս է եկել երթեւեկելի ուղեգոտուց, ապա ընդհարվել Արշակունյաց 39 շենքի դիմաց Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի Պետական քոլեջի մոտ տեղակայված առեւտրի կրպակին:
Այդ պահին կրպակում է եղել 35-ամյա Հրաչուհի Հարությունի Զավինյանը, որն էլ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վթարից հետո վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է Շտապ օգնության կայան, այնուհետեւ օգնել վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Վերջինս տեղազննման եւ լուսանկարահանման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել է ՃՈ աշխատակիցներին, որպեսզի վարորդին տեղափոխեն բժշկական կենտրոն պարզելու նրա սթափության աստիճանը: Պարզվել է, որ վարորդը եղել է սթափ վիճակում: Վթարի վայր ժամանած քարշակի օգնությամբ, քննիչի հանձնարարականով, մեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:
Երեւանի քննչական վարչության ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:











Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























