Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանողուհի, նույն բուհի դեմ դատական հայց ներկայացրած Անահիտ Մանասյանն այսօր NEWS.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է դատավարության ներկայիս վիճակը։ Նրա խոսքերով, դատական նախնական նիստում հայցադիմումի էությունն անփոփոխ է մնացել (տրամադրել երկու՝ հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմներ). ավելացել են միայն մի քանի հղումներ։ Դրանից հետո դատական նախնական նիստն ավարտվել է, բայց թե ե՞րբ կսկսվի դատաքննությունը, դեռեւս հայտնի չէ։ Գործի նախնական լսումներին մյուս, այսինքն՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից ներկա է եղել միայն նրանց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի ձգձգվող դատական գործընթացի պատճառը խաբեությունն է, ինչի հետեւանքով համալսարանի նախկին ուսանողուհի Անահիտ Մանասյանը նախապես խոստացված երկու՝ հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմների փոխարեն ստացել է միայն մեկը, այն էլ ոչ թե պետական, այլ միայն ներբուհական նշանակության, որը տվյալ համալսարանից դուրս պարզապես չի գործում։

Նշենք, որ Ֆրանսիական համալսարանը գործում է ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հովանավորությամբ: