Եթե Սիրիայում առկա խնդիրները շարունակվեն, ապա իրավիճակը ոչ միայն կվատթարանա, այլեւ կոնֆլիկտը կհամակի ողջ տարածաշրջանը եւ ավելի գլոբալ պրոբլեմ կդառնա՝ ծայրահեղ բացասական հետեւանքներով բոլոր կողմերի համար: Նման կարծիք փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Մերձարեւելյան տարածաշրջանի մի շարք այլ խաղացողներ ամեն կերպ օգտվում են Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ գոյություն ունեցող լարված հարաբերություններից: «Արդյունքում, Ռուսաստանը սկսել է համագործակցել Թուրքիայի եւ Իրանի հետ` հայտարարելով, որ, ի տարբերություն ամերիկացիների, նրանք ավելի հուսալի գործընկերներ են: Իրանի հետ դեռ ամեն ինչ պարզ է, սակայն ինչու՞ են հանկարծ Կրեմլում Թուրքիային սկսել հուսալի գործընկեր համարել: Ե՞րբ է նման բան եղել», - տարակուսանք հայտնես Պողոսյանը:
Ընդ որում, փորձագետը նշեց, որ Հայաստանը, իր հերթին, եւս պետք է մեծ ակտիվություն դրսեւորի սիրիական հարցում, քանի որ նա ուղղակիորեն դրանում հետաքրքրված է: Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ հայկական սփյուռքը շարունակում է մնալ Սիրիայում, սակայն՝ ավելի համեստ վիճակում՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ թվաքանակի առումով, քանի որ սփյուռքի ներկայացուցիչներից շատերը հեռացել են երկրից՝ փրկվելով ահաբեկիչներից:
Խոսելով Սիրիայիում կողմերի միջեւ հրադադարի պայմանագրերի պարբերական խախտումների մասին՝ փորձագետը շեշտեց, որ խաղացողները կարող են շահագրգռված լինել պայքարը շարունակելու մեջ, եւ, դրանից ելնելով, պարզապես չեն հետեւի նախկինում ձեռք բերված որեւէ պայմանավորվածության՝ անընդհատ նոր, շատ հաճախ մտածածին առիթներ գտնելով: Սա, ըստ Թեւան Պողոսյանի, կապված է այն բանի հետ, որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում եւ գործելու է միայն դրա հիման վրա:




























