Որպեսզի հայկական լեռնահանքային ընկերություններին ստիպեն հանքավայրերի շահագործումից ստացված թափոնները վերամշակել, քաղաքական կամք է անհրաժեշտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հաճախ եւ շատ փաստաթղթեր է ընդունել հանքավայրերի օգտագործման ոլորտի մասին, սակայն բոլոր որոշումները մնացել են թղթի վրա:

«Մինչեւ ես չտեսնեմ, որ լեռնահանքային ընկերությունները թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ են ներդնում, ես չեմ հավատա կառավարության կողմից ընդունված բնական ռեսուրսների կառավարման ռազմավարությանը», - նշել է պատգամավորը:

Նա նշել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում լուրջ վերահսկողություն չկա, եւ նման որոշումները կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե կա ամուր քաղաքական կամք:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 22-ի նիստում հավանություն է տվել Բնական ռեսուրսների կառավարման ռազմավարությանը: Ըստ այդ փաստաթղթի՝ հանքարդյունաբերական ընկերությունները պարտավոր են  հանքավայրերի շահագործման արդյունքում ստացված թափոնները վերամշակել: