Հայաստանում կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս կազմակերպության գործունեությունը կոչված է ԱՆ Քրեակատարողական հաստատություններում պահվող ձերբակալվածների եւ դատապարտվածների պաշտպանությանը եւ վերականգնմանը, նրանց համարժեք բժշկական սպասարկման տրամադրմանը: «Քրեակատարողական առողջապահության համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում մի շարք արմատական խնդիրներ կան: Դրանց է վերաբերում, օրինակ, մասնագիտական անկախության բացակայությունը»,- նշեց նախարարը:
Նրա պարզաբանմամբ՝ բժշկական եզրակացությունները կարող են ՔԿՀ աշխատակազմի կողմից ոչ մասնագիտական վերլուծության ենթարկվել: Ըստ որում՝ ՔԿՀ ղեկավարությունը կարող է բժիշկներին կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ չհաստատել բժշկական եզրակացությունը: «Նման պրակտիկան հնարավոր է, քանի որ ԱՆ քրեակատարողական ծառայության բուժսպասարկման ստորաբաժանումները գտնվում են քրեակատարողական վարչության պետի անմիջական վերահսկողության ներքո, իսկ ՔԿՀ-ների բժշկական ստորաբաժանումները՝ ՔԿՀ պետերի ենթակայության ներքո»,- ասաց Հարությունյանը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ մյուս խնդիրների թվում են ազատազրկված անձանց անվստահությունը բուժանձնակազմի նկատմամբ, բուժաշխատողներին քրեակատարողական համակարգ ներգրավելու դժվարությունը, բուժանձնակազմի որակավորման խնդիրը:



























