Հայաստանի իշխանություններն առաջիկայում կքննարկեն հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այս տարվա գարունը Հայաստանը պետք է սկսի առանց այդ արձանագրությունների:

«Մեր կողմից չի դրժվել որեւէ պայմանավորվածություն, թուրքական կողմն է խուսափել պարտավորությունների կատարումից եւ նախապայմաններ դրել Հայաստանի առաջ: Իսկ մենք նախապայմաններով որեւէ համաձայնագիր չենք ստորագրում: Այդ իսկ պատճառով, եթե սա շարունակվի, եւ տեսնենք, որ թուրքական կողմը չի արձագանքում, այն, ինչ հայտարարել է ՀՀ նախագահը, դրա ընթացքը կլինի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների: