Մասաչուսեթսի բնակիչը մեղադրվում է ԱՄՆ նախագահի որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին սպիտակ փոշով նամակ ուղարկելու համար, որի պատճառով նրա կինը՝ Վանեսան, հիվանդանոց էր տեղափոխվել, հաղորդում է AP-ն:
Դանիել Ֆրիզիելը ձերբակալվել է այսօր՝ մարտի 1-ին: Դաշնային իշխանությունների համաձայն, նա նաեւ փոստով նամակ է ուղարկել եւս չորս մարդու, այդ թվում, Միչիգանի սենատոր Դեբի Սթաբենոուին:
Դոնալդ Թրամփ կրտսերին հասցեագրված նամակը փետրվարի 12-ին բացել էր նրա կինը: Նա զանգել էր 911 փրկարարական ծառայությանը եւ հաղորդել, որ իր մոտ հազ եւ սրտխառնոց է սկսվել: Նրան կարճ ժամանակով հոսպիտալացրել էին: Ավելի ուշ պարզվել էր, որ նամակի փոշին եգիպտացորենի օսլա էր:



























