Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը չի մասնակցելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպմանը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ կայանալիք այդ քննարկմանը` նշեց, որ կուսակցությունը հրավիրված է, բայց «կարծում եմ՝ ինչպես անցյալում, արմատական ընդդիմությունն այնտեղ չի լինի, քանի որ մենք այնտեղ արմատական քննարկում չենք տեսնում»: «Այն ինչ արդեն որոշել են, ավելի ճիշտ, արդեն Սերժ Սարգսյանի փոխարեն որոշված է եղել, այսօր նա ընդամենը փորձելու է արդարացնել իր վարքագիծը: Լուրջ քննարկում չեմ սպասում, հետեւաբար նպատակահարմար չեմ համարում այնտեղ գտնվել»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ավելին, ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի իր գործընկերները եւս չեն մասնակցի այդ հանդիպմանը: «Ես այդ մասին չեմ խոսել: Ամեն մեկն ինքնուրույն թող կայացնի որոշումը, բայց չեմ կարծում, թե նրանց կարծիքը շատ տարբերվում է հնչակյանների կարծիքից»,- ամփոփեց տիկին Սարգսյանը:

Ի դեպ, ՍԴՀԿ ատենապետը կոտրել է ոտքը եւ չի կարող մասնակցել կոնգրեսի ՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքին, թեեւ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հավանաբար մեքենայի սրահից կլսի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: