Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակության Կենտրոնական վարչությունը գոհունակություն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մասին արձանագրությունները չեղարկելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման կապակությամբ: Այս մասին ասված է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության տարածած հաղորդագրությունում:
Հայտարարության համաձայն՝ «Հնչակյան կուսակցությունն առաջին իսկ օրից վճռական դեմ է արտահայտվել նման արձանագրությունների վավերացմանը՝ հաշվի առնելով Թուրքիայի պետական-քաղաքական շրջանակների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության եւ Արցախի խնդրի կարգավորման հարցերում»:
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի կենսական շահերից է բխում բաց սահմաններն ու կանխատեսելի հարեւանները, սակայն պաշտոնական Անկարայի ժխտողական պահվածքն ու տարիների հակահայ գործունեությունը եւս մեկ անգամ ապացուցում է առանց այդ էլ ակնառու այն փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանալին այդ երկրի քաղաքական վերնախավի՝ Հայաստանի եւ հայության նկատմամբ իրենց ունեցած ատելության աստիճանի հասնող վերաբերմունքի արմատական փոփոխությունն է:
Այս փաստաթղթի՝ Թուրքիայի կողմից անտեսելու եւ այն հետագայում Արցախի խնդրում Հայաստանի վրա իբրեի ճնշում գործադրելու փորձերը դրա վառ ապացույցն են: Վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած փաստաթուղթ պետք է դրվի ավելի լայն քննարկման՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի կազմակերպված կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը նաեւ համոզմունք է հայտնում, որ մենք կանխատեսելի հարեւան կարող ենք ունենալ միայն ու միայն այն պարագայում, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, կառերեսվի պատմության հետ եւ կդադարի Արցախի հիմնախնդրի հարցում հանդես գալ պաշտոնական Բաքվի փաստաբանի դիրքերից:
Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր աշխատանքը Թուրքիայի առաջադեմ շրջանակների հետ՝ Հայկական Հարցին հնչեղություն տալու, ինչպես նաեւ թուրքական հանրությանն իրենց իսկ պատմության հետ ծանոթացնելու համար»,- ասված է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության հաղորդագրությունում:




























