Հայ–վրացական հարաբերությունները շարունակվում են զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում։ Այս մասին մարտի 2-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի խոսքով, այսօր բանակցություններն ընթացել են ջերմ եւ կառուցողական մթնոլորտում. «Մենք քննարկել ենք  համագործակցության տարածաշրջանային հարցեր էներգետիկայի ոլորտում, այլ հնարավոր ուղղություններով, այդ թվում ՝ «Մեղրիի» ազատ տմտեսական գոտու շրջանակներում»,–հայտնել է նա։

Վարչապետը նշել է, որ կողմերը մանրամասնորեն քննարկել են եւ պայմանավորվածություն են ձեռք բերել էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ առողջապահության ոլորտներում համագործակցության խթանման վերաբերյալ:

Առանձին անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության հարցերին, մասնավորապես, երկու երկրների երիտասարդության միջեւ շփումների ակտիվացմանը, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանությանը եւ վերականգմանը: «Չնայած ներկա հարաբերությունների բարձր մակարդակին, երկրները մեծ ներուժ ունեն տնտեսական համագործակցության խորացման առումով: Բանակցությունների առաջին փուլը դրական նոտայի վրա է ավարտվել», - ընդգծել է ՀՀ վարչապետը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, իր հերթին, նշել է, որ բազմադարյա բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում  փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական համագործակցության հետագա  զարգացման համար։ Նա հիշեցրել է նաեւ անցյալ տարի տեղ գտած բարձր մակարդակով այցելությունների մասին, մասնավորապես խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի մասին: «Չնայած քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նշեց իմ գործընկերը, առկա է համագործակցության զարգացման ներուժ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում։

Նա ընդգծել է նորարարության ոլորտում ձեռքբերումների փորձով փոխանակվելու, ինչպես նաեւ ուսանողների եւ դպրոցականների փոխանակման կարեւորությունը: Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանը նույնպես ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումները, մասնավորապես`անցումը խորհրդարանական կառավարման ձեւին: