ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության նախագահը եւ Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ բարձր մակարդակով տեղի ունեցող հայ-վրացական հանդիպումները՝ միտված երկկողմ բարեկամության ամրապնդմանն ու առկա ընթացիկ խնդիրների լուծմանը, մշտապես անցնում են փոխվստահության մթնոլորտում:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Վստահ եմ, որ շնորհիվ նաեւ այս հանդիպումների, ավելանում է մեր առեւտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի եւ մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են եւ չափելի, ու դա շատ կարեւոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը եւս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջեւ փոխգործակցությունը որակապես նոր եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում:

Այս տարի մենք Հայաստանում անցկացնելու ենք մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից հատկապես ուզում եմ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որին, հուսով եմ՝ Վրաստանը կմասնակցի բարձր մակարդակով: Բարով եք եկել Հայաստան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե ուրախ է գտնվելու հարեւան եւ բարեկամ Հայաստանում: Վրաստանի վարչապետը նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով:

Հայաստանի նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:

«Հարգարժա՛ն պարոն նախագահ, մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին եւ համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես Դուք նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, եւ հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարեւոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս եւ հավատ են ներշնչում նաեւ փոխադարձ այցերը»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Առանձնազրույցից հետո նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ: