Վրաստանի արեւմուտքում գտնվող Զուգդիդիի կենտրոնական կայարանում սեպտեմբերի 15-ի առավոտյան պայթել է մարդատար գնացքի վագոններից մեկը, որը երկու ժամ հետո պատրաստվում էր մեկնել Թբիլիսի։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Վրացական երկաթուղի» ԲԲԸ ներկայացուցչի հայտարարությունը, երկաթգծի ռելսերի տակ տեղադրված է եղել պայթուցիկ սարք. ըստ նախնական տվյալների, դա եղել է տրոտիլ։
Պայթյունի արդյունքում վնասվել է մի վագոն, իսկ երկաթուղին գործնականում չի վնասվել։
Մարդկային զոհեր, ինչպես հաղորդում է գործակալությունը, չեն եղել։ Պայթյունի պահին գնացքում ուղեւորներ չեն եղել, քանի որ նրանց մուտքը դեռ չէր սկսվել։ Վագոնում եղել է միայն ուղեկցորդը, որին ոչինչ չի եղել, այլ ընդամենը թեթեւակի վախեցել է։
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։




























