Նյու Յորքում եւ հարեւան նահանգներում այս շաբաթ արդեն երկրոդ անգամ ձյունամրրիկ է սկսվել. օդերեւութաբանները կանխատեսում են, որ ձնաբուքը կարող է ուժեղանալ եւ խաթարել երթեւեկությունը, մինչդեռ նախորդ փոթորիկից հետո հազարավոր տներ դեռեւս առանց էլեկտրաէներգիայի են մնացել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Սպասվում է, որ Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի եւ Քոնեքթիքութի մերձակա շրջաններում մարտի 8-ի առավոտյան 10-ից մինչեւ 30 սմ ձյուն կտեղա, ուժեղ քամու պատճառով ճանապարհներին տեսանելիությունը մոտենում է 0-ին: Փոթորիկը տարբեր աստիճաններով կտարածվի երկրի ամբողջ հյուսիս-արեւելքում:
Նյու Յորքի երեք խոշոր ավիաընկերությունները հաղորդել են 1,431 չեղարկված չվերթների մասին, ինչը սովորական ծանրաբեռնվածության մոտ 40 տոկոսն է:
Ֆիլադելֆիայում բոլոր դպրոցները փակվել են, իսկ տարածաշրջանում շատ դպրոցներ փոթորկից առաջ չեղյալ են համարել դասերը կամ կրճատում էին ուսումնական օրը: Նյու Յորքում դպրոցները բաց են:
Կանխատեսումների համաձայն՝ այս անգամ մրրիկն իր հետ չի բերի չի փոթորիկներ, ինչպես նախորդ շաբաթ, սակայն ակնկալվում է, որ քամու արագությունը կհասնի 96.5 կմ/ժ-ի, որը ուժեղ ձյան հետ կարող է էլեկտրաէներգիայի մատակարարման խախտումներ առաջացնել:
Անցյալ շաբաթ փոթորիկը Մասաչուսեթսի ափամերձ շրջաններում ջրհեղեղ էր առաջացրել, ինչի հետեւանքով առնվազն 9 մարդ մահացել էր եւ երկրի հյուսիս-արեւելքում մոտ 2.4 մլն բնակելի եւ առեւտրային շենքեր մնացել էին առանց էլեկտրականության: Չորեքշաբթի՝ մարտի 7-ին, շուրջ 100 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության:




























