Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Զանգակատուն, Ուրցալանջ, Պարույր Սեւակ եւ Վարդաշատ համայնքների ղեկավարներին խոստացել է, որ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց Արարատի մարզում չեն կառուցի: Այդ մասին «ԷկոԼուր»-ին հայտնել է Զանգակատան համայնքապետ (Արարատի մարզ) Էմին Սահակյանը` նշելով, որ մարզպետի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագրգիռ երեք գերատեսչությունների`էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների հետ:
Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի նախագծի քննարկումը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերին` Արարատի մարզպետարանում: Խնդիրը ծագել է 2010թ. մայիսին` տեղի բնակիչների եւ վերոնշյալ գյուղերի մոտակայքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող աշխատողների միջեւ տեղի ունեցած բախումից հետո: Հենց աշխատողներից բնակիչներն իմացան, որ նրանք գերեզմանոցի համար տարածք են ընտրում, որտեղ պետք է թաղվեն կառուցվող երկրորդ ատոմակայանի թափոնները: «Մեր մարդիկ գիշեր-ցերեկ հերթապահել են, որպեսզի աշխատողները չմտնեն այդ տարածք»,- ասաց Զանգակատան գյուղապետը: Բնակիչներն աշխատողներին վռնդեցին, եւ հետազոտությունները հարկադրաբար դադարեցվեցին: «Մեզ ապացուցում էին, որ գյուղի կողքին ընտրված տարածքն ամենից շատ է բավարարում պայմաններին, որոնց պետք է համապատասխանի գերեզմանոցը: Բայց մենք մեր փաստարկները բերեցինք: Գլխավոր փաստարկը մեր անվտանգության հարցն է»,- ընդգծեց Սահակյանը:
«ԷկոԼուր»-ի կարծիքով` չնայած մարզպետի հավաստիացումներին, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման հարցն Արարատի մարզում փակված չէ` հատկապես հաշվի առնելով այն հակասական տեղեկությունները, որոնք պաշտոնական աղբյուրներից են ստացվում: Այսպես, 2010թ. հունիսին էկոլոգիական հասարակայնության հետ Երեւանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկրաբանահետախուզական աշխատանքների ղեկավար, Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հայտարարեց, որ գերեզմանոցը նախատեսված է ռադիոակտիվ, բժշկական թափոնների համար:
Հայտարարությունն անվստահության հանդիպեց: Բժշկական թափոնները թաղվում են Մեծամորի ատոմակայանի գերեզմանոցում, որի չափը միանգամայն բավարարում է բժշկական թափոնների ծավալների համար: Նոր գերեզմանոցի չափսերը գերազանցում են Հայաստանում արդեն գոյություն ունեցող նմանատիպ գերեզմանոցների չափսերին` 4 քառակուսի կիլոմետր տարածք, 1,5-2կմ երկարությամբ թունել եւ 150մ խորություն:
Երկրաբանահետախուզական աշխատանքների համար հիմք է ծառայում կառավարության 2007թ. ապրիլի թիվ 228 որոշումը` «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման եւ վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին»: Այստեղ բժշկական թափոնների մասին ոչինչ չի ասվում: Սակայն այդ որոշման հիման վրա Հայաստանում զբաղվում են ուրանի որոնմամբ: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես Արարատի մարզում գերեզմանոցի կառուցման հարցը կարող է փակված լինել, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության www.minenergy.am պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված, որ ավարտված են ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների գերեզմանոցի տեղակայման վայրի քարտեզագրման աշխատանքները:




























