«ԼՂ հակամարտությունը լուծում են Հայաստանն ու Ադրբեջանը»,- ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում նման պատասխան է տվել Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալան Դելետրոզը հարցին, թե արդյո՞ք Թուրքիային կհաջողվի լուծել ԼՂ խնդիրը, որը չհաջողվեց լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Մյուս բոլորը կարող են միայն օգնել գործընթացին, սակայն գործընթացը պետք է լինի երկու կողմերինը: Եւ այն, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը բավական հաճախ են հանդիպում, դա արդեն դրական փաստ է: Դիտորդները նշում են, որ շփումը նրանց միջեւ շատ ավելի հեշտ է, քան Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ: Դրական է, նաեւ այն, որ Թուրքիան դիվանագիտորեն եւ դրական առաջարկներով շատ ուժեղ խառնվում է»,- նշել է նա ու հավելել. «Հիմա Թուրքիան կարող է Հայաստանի համար շատ անհրաժեշտ քայլ անել եւ դրանում ԼՂ խնդիրը, հաստատ չի մոռացվի»:

Դելետրոզը ԼՂ կարգավորման գործընթացում կարեւոր է համարել Մադրիդյան սկզբունքներին կողմերի դրական վերաբերմունքը, որը հաստատվել է ստորագրությամբ, սակայն եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում մնացել է մի շատ կարեւոր հիմնախնդիր, եւ դա հասարակական կարծիքն է:

Նա ներկայացրել է ԼՂ խնդրի լուծման երեք ճանապարհ. Առաջինը դա խնդրի չլուծումն է, կամ տասնամյակներ շարունակ ձգձգումը, որն, ըստ նրա, վատ է տարածաշրջանի համար: «Տարածաշրջանը կարիք ունի մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի: Թեեւ տարածաշրջանը շատ փոքր, բայց այն գեոռազմավարական շատ կարեւոր միջանցք է Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ»:

Երկրորդ տարբերակը, Դելետրոզի ներկայացմամբ, դա պատերազմն է, որին շատ լուրջ են մոտենում Բաքվում, սակայն դա «աղետաբեր» տարբերակ է, ինչպես մարդկանց, այնպես էլ ներդրումների առումով:

«Երրորդ տարբերակը ամենադրականն է. Դա խաղաղ կարգավորումն է, որին հասնելու համար պետք են փոխզիջումներ: Ես Երեւանում ասել եմ, որ կարելի է երկար նստել հաղթանակների վրա, սակայն դա կարող է վերածվել նոր աղետի, ուստի ես կարծում եմ, որ կողմերի հասարակությունները պետք է պատրաստ լինեն որոշ փոխզիջումների»,- ասել է նա: