Միջազգային հանրությունը պետք է արտահայտվի Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ընտրությունների նախօրեին հարեւան երկրում տիրող իրավիճակը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Բաքուն փորձել է սահմանափակել դիտորդների քանակը եւ պարզապես չի հրավիրել Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին, նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնելու բան ունեն: «Ժողովրդավարական պետությունը կփորձի հնարավորինս շատ դիտորդներ հրավիրել: Ադրբեջանի իշխանությունները, ընդհակառակը, հնարավորինս սահմանափակում են դիտորդների թիվը: Քանի որ դրա համար պատճառներն ունեն, եւ նրանք վախենալու բան ունեն», - ասել է Բաբայանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները հրավերներ չեն ուղարկել Եվրախորհրդարանին ապրիլի 11-ի ընտրոթյուններին դիտորդական առաքելություն կատարելու համար: Ընտրությունների համակարգման եւ ժողովրդավարության աջակցության եվրոպական խմբի համանախագահները, Եվրախորհրդարանի պատգամավորներ Մակալիստերը եւ Մակավանը մարտի 7-ին Ադրբեջանում եւ Ռուսաստանում սպասվող ընտրությունների մասին հետեւյալ հայտարարությունն էին արել:

«Եվրախորհրդարանը չի հետեւելու ընտրական գործընթացին, եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները:

Սա չի հանձնարարվել Եվրախորհրդարանի որեւէ անդամի, հետեւաբար, եթե որեւէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետեւել, նա դա կանի բացառապես սեփական նախաձեռնությամբ եւ ոչ թե Եվրախորհրդարանի անունից», - նշվում է հայտարարության մեջ: