Քրդական ջոկատները մարտի 10-ին թուրքական բանակի եւ «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հարձակումը  հետ են մղել Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կմ հեռավորության վրա) մոտակայքում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Firat-ին, մարտը տեղի է ունեցել Հալթա գյուղի մոտ:

Ենթադրվում է, որ քրդական զինվորները կարողացել են խոշոր կալիբրի գնդացիրով մեկ զրահամեքենա ոչնչացնել: Թշնամին կորցրել է 18 զինվոր եւ նահանջել է:

Մարտի սկզբին այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ անցում է կատարում «Ձիթենու ճյուղի» (հունվարի 20-ից) երկրորդ փուլին, ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ աճեց: Գործակալության տվյալներով՝ վերջին օրերին զոհերի թիվը հասել է 200-ի:

Թուրքական ուժերը եւ այսպես կոչված Սիրիական ազատ բանակի կազմավորումները  այս շաբաթ վերահսկողություն են հաստատել Ռաջո եւ Ջինդերես քաղաքների նկատմամբ, որտեղ տեղակայված էին քրդական պաշտպանների սահմանները: Այժմ դաժան պայքարը շարունակվում է Մարյամեյն բնակավայրի համար, նրա գրավումը կփակի Աֆրինի շրջապատման օղակը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին հայտարարել է, որ Թուրքիան քննարկում է հարեւան Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը: Նույն հայտարարության մեջ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Սիրիայում «ահաբեկչության դեմ» պայքարի սաբոտաժի մեջ:

«Միթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ո՞րտեղ են դաշինքի երկրները: Երբ գործն Աֆղանստանին էր հասել, ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հրավիրում էին աջակցել դաշինքի գործողություններին, -ասել է նախագահը: «Երբ խոսքը վերաբերում է Սիրիային ... Եթե դաշինքի երկրները կարողանային, նրանք բացեիբաց կդիմակայեին Թուրքիային Սիրիայում»: Սակայն նրանք հասկացան, որ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի եւ չկարողացան իրենց մեջ     քաջություն գտնել այդ քայլի համար»:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)