Կանադայի Քվեբեկ նահանգի ավելի քան 800 բժիշկներ եւ բժշկական համալսարանների ուսանողներ բաց նամակ են հղել Կանադայի այս ֆրանսիախոս շրջանի իշխանություններին՝ խնդրելով չեղարկել իրենց աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, նշվում է Medecins Quebecois pour le Regime Public կազմակերպության կայքում, որը եւ հանդես էլ եկել նման նախաձեռնությամբ:

«Մենք՝ Քվեբեկի բժիշկները, ովքեր հավատում են ամուր սոցիալական համակարգին, դեմ ենք հանդես գալիս մեր աշխատավարձերի բարձրացման մասին որոշմանը, որը համաձայնեցվել էր մեր բժշկական ֆեդերացիաների հետ: Այս բարձրացումները մեզ էլ ավելի են ցնցում, երբ մեր բուժքույրերը եւ այլ մասնագետներ ստիպված են ծանր պայմաններում աշխատել, իսկ մեր հիվանդների համար բժշկական ծառայությունները պատշաճ կերպով հասանելի չեն, քանի որ վերջին տարիներին ֆինանսավորումը կտրուկ կրճատվել է, իսկ Քվեբեկի առողջապահության նախարարության կառավարումը խիստ կենտրոնացված է դարձել», - նշել են նախաձեռնության հեղինակները:

«Եթե մեր գործընկերները ավելի երջանիկ լինեն [ֆինանսապես], եթե մեր հիվանդներին ավելի լավ ծառայություն մատուցվի, մենք բոլորս կշահենք: Սակայն մեր աշխատավարձերի բարձրացումը դրան չի հանգեցնի»,- ավելի վաղ CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր Քվեբեկի բժիշկների միության նախագահ Իզաբել Լեբլանը: