ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձը հիասթափեցրել է, սակայն ոչ՝  զարմացրել: Պենտագոնի ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը, լրագրողների հետ զրույցում կիսվել է Ռուսաստանի նախագահի ելույթի մասին իր տպավորություններով Օման թռչելիս՝ ինքնաթիռի մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Ես դա այս պահին հիասթափեցնող կանվանեի, սակայն ոչ՝ զարմացնող: Այժմ մենք կարող ենք դրա մի մասը որպես նախընտրական հռետորություն ընկալել»,- ասել է Մետիսը:

Մետիսի պնդմամբ՝ նա որեւէ փոփոխություն չի նկատել Ռուսաստանի ռազմական ներուժում: ԱՄՆ նախարարի խոսքով՝ Պուտինի կողմից նշված համակարգերի մասին արդեն վաղուց էր հայտնի: «Ես չեմ տեսնում, որ նրանք կարող են փոխել ռազմական հավասարակշռությունը,- ասել է նախարարը, - Նրանք որեւէ ազդեցություն չունեն մեր կողմի վրա զսպան դիրքորոշման փոփոխության հարցում»: