Նախքան Ռուսաստանին դեմ սահմանված պատժամիջոցների հարցը քննարկելը, անհրաժեշտ է «առնվազն մի քանի որակապես կարեւոր քայլեր» կատարել Մինսկի համաձայնագրերի իրականացման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է DW-ն:
Այդ «որակապես կարեւոր քայլերի» թվում նա նշել է «երկնագույն սաղավարտների» առաքելությունը, որը նրա խոսքով, պաշտպանում են երկու կողմերը՝ եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը:
Մերկելը նշել է, որ այդ առաքելության մանդատի համար մի քանի ամիս բանակցություններ են ընթանում ՄԱԿ ԱԽ-ում, բայց ցանկալի արդյունքի դեռ չեն հասել:
Անգելա Մերկելը նաեւ հիշեցրել է Արեւելյան Ուկրաինայի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների մասին: «Մինսկի համաձայնագրերի կնքման պահից ես սպասում եմ այն օրվան, - ասել է նա, -երբ հրադադարը կպահպանվի գոնե տասը օր, ինչը այդ համաձայնագրերի առաջին պայմանն է»:
Գերմանիայի կանցլերը հուսով է, որ մարտի 18-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո իրավիճակը հնարավոր կլինի մեռած կետից շարժել եւ խթանել Մինսկի գործընթացի որակական փոփոխություններին:
Չորրորդ կառավարությանն անդամակցող կողմերի ստորագրած կոալիցիոն համաձայնագրում, Անգելա Մերկելի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը ձեւակերպված է այնպես, որ սկզբունքորեն թույլ է տալիս պատժամիջոցների մասնակի չեղարկում՝ առանց սպասելու Մինսկի համաձայնագրերի համապարփակ իրականացմանը:



























