ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների տեղն ու օրակարգը համաձայնեցնելու համար մի շարք քայլեր կպահանջվեն, Նիգերիայի մայրաքաղաք այցելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեռեւս չի լսել Հյուսիսային Կորեայից բանակցությունների հարցի մասին պատասխանը, սակայն ակնկալում է ուղղակի արձագանք Փհենյանի կողմից: Նա չի նշել  բանակցությունների համար անհրաժեշտ քայլերի բնույթը:

Հիշեցնենք, որ Թիլերսոնը ժամանակից շուտ կավարտի իր շրջագայությունն  Աֆրիկայում, մի շարք հրատապ հարցերով, այդ թվում` Հյուսիսային Կորեային հետ կապված խնդիրներով զբաղվելու համար:

«Իր ժամանակացույցի պահանջների հետ կապված, պետքարտուղարը մեկ օր առաջ կվերադառնա ԱՄՆ՝ Չադում եւ Նիգերիայում ավարտելով պաշտոնական հանդիպումները », - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդստեյնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: