2011թ.հունվարի 10-ին հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը: Այս կապակցությամբ հայտարարություն են տարածել Հելսինկյան Ասոցիացիան եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում է.
«Վերջին 2 ամսվա մեջ սա 2-րդ հարձակումն է իրավապաշտպանի գրասենյակի վրա: Այս պահի դրությամբ իրավապաշտպանի կողմից դեռեւս չի հայտնաբերվել որեւէ կորած իր աշխատասենյակից: Նախորդ անգամ` դեկտեմբերի 6-ին, 2010թ. անհայտ անձինք ներխուժել էին գրասենյակ, կոտրել փաստաթղթերը պահելու համար նախատեսված պահարանների դռների կողպեքները, տարել համակարգչի մոնիտորը եւ արբանյակային հեռուստաալիքների կոդազերծող սարքը: Իսկ գրասենյակում գտնվող գումարը «գողերը» չեն վերցրել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Հելսինկյան Ասոցիացիան համոզված է, որ նախկինում կատարված նմանատիպ դեպքը չի բացահայտվում ոստիկանության անգործության պատճառով եւ վստահ է, որ այս վերջին նմանատիպ դեպքն էլ չի բացահայտվելու: Հելսինկյան Ասոցիացիան հայտարարում է, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն է, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Այս տեսակ քայլերը նպատակ են հետապնդում խոչընդոտել իրավապաշտպանի գործունեությանը:
Արտակ Զեյնալյանը հանդիսանում է «Իրավաբաններն ընդդեմ բռնությունների» հասարակական կազմակերպության համակարգող, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայության անգործությունը դատական կարգով վիճարկող իրավահաջորդների, ինչպես նաեւ 2010թ. ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Ա. Զեյնալյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացրել է մի շարք գործեր, այդ թվում նաեւ` Մելտեքս ՍՊԸ եւ Մ. Մովսեսյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ»:





























