Հայկ Նահապետյանի հայտարարությունը, որ ինքը չի սպառնացել Ժիրայր Սեֆիլյանին, այլ ընդամենը վերլուծություն է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյան` հավելելով, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանի կողմից լիազորված է այս ամենը հայտարարում:
«Ժիրայր Սէֆիլյանի կողմից լիազորված եմ հայտարարել, որ Հայկ Նահապետյանի՝ aravot.am լրատվական կայքին տված «պարզաբանումը» իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն է եւ իրական փաստերը կեղծելու փորձ։ Սա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որովհետեւ տեղյակ եմ այս պատմությանը` Ժիրայր Սեֆիլյանին ռուսական հատուկ ծառայությունների կողմից սպանելու մտադրության մասին: Նրան տեղեկացրել են այդ մասին, եւ տեղյակ եմ նաեւ, թե ում միջոցով է այդ զգուշացումը կամ տեղեկացումը կատարվել, ով հաստատել է այդ փաստը»,- ասաց փաստաբանը` նշելով, որ առայժմ չի ցանկանում այլ մանրամասներ հրապարակել:
Մուշեղ Շուշանյանը հավելեց, որ Հայկ Նահապետյանի պարզաբանումը, իր կողմից զգուշացնելու փորձը կոծկելու միջոց էր ընդամենը:
«Հայկ Նահապետյանի մեկնաբանությունն առ այն, որ Ուկրաինայում 2014թվականին տեղի ունեցած իրադարձություններն իբր «գունավոր հեղափոխություն» էին, որի փորձը հաշվի առնելով ինքը իբր կանխատեսել է, որ Հայաստանում նմանօրինակ սցենարի դեպքում Ժիրայր Սեֆիլյանը կարող էր իր խոսքերով դառնալ «սրբազան զոհ», ոչ այլ ինչ է, քան ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում` նրան սպանելու մտադրության մասին իր իսկ կողմից Ժիրայր Սէֆիլյանին միջնորդ անձի միջոցով զգուշացնելու փաստը կոծկելու անհաջող փորձ»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ ավելի վաղ aravot.am կայքին տված հարցազրույցում վերլուծաբան Հայկ Նահապետյանը «սուտ եւ կեղծիք» էր որակել Սեֆիլյանի հայտարարությունը եւ հավելել էր, որ ինքը «վերլուծություն է կատարել եւ ասել, որ գունավոր հեղափոխության դեպքում Սեֆիլյանը սրբազան զոհ է դառնալու»:
Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատավճիռը կհրապարակի մարտի 20-ին:




























