Երեւանում եւ Գյումրիում տեղական ժամանակով ժամը 20-ին փակվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրության ընտրատեղամասերը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Ընտրություններում քվեարկությունն ավարտվել է եւ ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ ռուսական քաղաքական դաշտի հնաբնակ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ  ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը: