Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 73,9  տոկոսը։ Այս տվյալները երեւում են ընտրատեղամասերի ելքի մոտ քաղաքացիների շրջանում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կատարած հարցումների արդյունքներից։

2012 թվականի ընտրություններում Պուտինը ստացել էր ձայների 63,60 տոկոսը:

Երկրորդ տեղում էր հայտնվել Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը՝ ձայների 11,2 տոկոսով:

Հարցումն իրականացվել է ՌԴ 68 սուբյեկտների 1200 ընտրատեղամասերում։ Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են 162,601 մարդ։ Հարցերին պատասխանել են հարցվածների 62,8 տոկոսը, հրաժարվել են պատասխանել հարցվածների 37,2 տոկոսը, գրում է ՌԲԿ-ն։

Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն Մոսկվայի ժամանակով 21։00-ին։ Այս ժամանակ քվեարկությունը կավարտվի ՌԴ արեւմտյան շրջանում՝ Կալինինգրադի երկրամասում։ Այդ ժամանակ կհայտարարվեն առաջին պաշտոնական տվյալները Հեռավոր Արեւելքից։

«Հանրային կարծիք» հիմնադրամի էքզիթ-փոլի տվյալներով, Պուտինը կստանա ձայների 77 տոկոսը, Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը՝ ձայների 11,8 տոկոսը, իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Ժիրինովսկին կզբաղեցնի երրորդ տեղը՝ ձայների 5,9 տոկոսով։ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ներկայացուցիչ Քսենիա Սոբչակը, հիմնադրամի կանխատեսմամբ, կզբաղեցնի չորրորդ տեղը՝ ձայների 1,8 տոկոսով։

էքզիթ-փոլի տվյալներով, հինգերորդ տեղում կլինի Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»)՝ 0,9 տոկոս ձայներով։ Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն) կստանա ձայների 0,7 տոկոսը։  Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը կստանան ձայների 0,6-ական տոկոս։

«Հանրային կարծիք» հիմնադրամի հաղորդագրության մեջ նշված է, որ հարցմանը մասնակցել են 112,7 մարդ։ Հարցումն իրականացվել է ՌԴ 83 սուբյեկտների 737 բնակավայրերի ընտրատեղամասերում։ Ամեն ընտրատեղամասում հարցվել է 100-ական մարդ։