Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ  Սարգսյանը համոզված է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ լինելով՝ չէր կարող  սպառնալիք լինել Սերժ Սարգսյանի իշխանության համար: NEWS.am-ի հետ զրույցում  պատգամավորը շեշտեց, որ  Սեֆիլյանը հայրենասեր մարդ է: Նշենք, որ նախօրեին  Սեֆիլյանը զինված  հեղաշրջման փորձի մեղադրանքով դատապարտվեց 10 տարի, 5 ամսվա ազատազրկման: Սեֆիլյանի համախոհների եւ պաշտպանների պնդմամբ, դատարանը չկարողացավ ծանրակշիռ փաստերով հիմնավորել Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը եւ այդուհանդերձ նրան խիստ պատիժ սահմանեց: Ըստ նրանց՝ Սերժ Սարգսյանը պարզապես քաղաքական հաշվեհարդար տեսավ Սեֆիլյանի հետ:

«Չեմ կարող քննության արդյունքները վերլուծել, հասկանալ՝ որքանով է հիմնավոր, որքան՝ չէ, բայց չեմ կարծում, որ իրավապահ մարմինները փորձեն  մախինացիաների դիմեն եւ մարդուն 10 տարվա դատապարտման տանեն: Որ Սեֆիլյանը Արցախում կռվել է, հայրենասեր է, չեմ կարող  սա ժխտել:  Ինչո՞ւ են մտածում, որ դա հիմնավոր չէ եւ 10 տարի հենց այնպես են դատել: Ես այն կարծիքին չեմ, որ  Ժիրայր Սեֆիլյանը դրսում մնալով՝ չգիտեմ ինչեր էր անելու, Սեֆիլյանը Սասունցի Դավիթը չէր, էպոսի  հերոս չէր, որ սուրն առներ, թուր կեծակին ու եսիմ ինչեր փոխեր: Նույն ձեւ ապրելու էր էս երկրում, մի իրավախախտում աներ, նորից կալանավորելու էին, էլի մի քանի տարի բերդերը  մնար եւ այլն: Չեմ կարծում, որ այս ճանապարհով նա ինչ-որ բանի հասներ»,-ասաց Ալիկ Սարգսյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ Սեֆիլյանը անազատության մեջ ավելի է հերոսանալու: «Ինչի են հերոսացնում Սեֆիլյանին: Բանտերից հոդվածներով հանդես կգա, հայտարարություններ կանի, մի գուցե դրանք ավելի վատ ազդեցություն կունենան հանրության վրա, քանի եթե նա դրսում լիներ: Ժիրայր Սեֆիլյանը կարող էր դրսում էլ մնալ, թող 3 տարի դատվեր կամ 5 տարի: Ուզում եմ ասել՝ նա իշխանության համար սպառնալիք չէ, որ  պնդում են, թե իշխանությունը վախեցավ ու ազատազրվեց:  Բայց եթե  դատել են ու նման հոդվածներ առաջադրել, ուրեմն հիմքեր ունեն: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտում նրա դերակատարմանը, մարդն ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրմանը եւ դա իրավունք չունեմ չգնահատեմ»: