«Չկա „Ժառանգության“ տրոհում ու պառակտում: „Ժառանգությունից“ հեռացվել են 6 մարդիկ, այլ կուսակցականներ չեն ներկայացրել կուսակցությունից դուրս գալու դիմումներ, եւ առաջին հերթին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության վարչության անդամ եւ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով. «Ժառանգությունը» հեղինակազրկված կուսակցություն չէ: Մամուլի հրապարակումների «Ժառանգության» նկատմամբ ուշադրությունը ցույց տվեց, որ «Ժառանգությունը» երկրորդական, երրորդական կուսակցություն չէ, այլ վճռորոշ գործոն է քաղաքական դաշտում: Եթե այդպիսին չլիներ, չէր լինի նաեւ ծրագիրը` արժեզրկելու Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու քայլը, որի նպատակն ու բովանդակությունը կապված է եղել բացարձակապես ազգային կարեւորագույն սկզբունքային հարցերի նկատմամբ իր դիրքորոշման հետ":

Այն տեսակետին, թե «Ժառանգության» պառակտման պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է եղել, Ս. Սաֆարյանն արձագանքեց, որ «Ժառանգությունը» երբեք էլ ֆինանսական եւ այլ ռեսուրսների առումով «չի ունեցել այն, ինչ իրեն վերագրվել է»: Նրա խոսքով, կուսակցությունը միշտ էլ ունեցել է համեստ միջոցներ, տեղավորվել է եւ այսուհետ եւս տեղավորվելու է այդ միջոցների մեջ: «Կուսակցության աճուրդ չի լինելու երբեք»,- իր խոսքն ամփոփեց նա:

Ինչ վերաբերում է կուսակցության ներկայիս վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ լինելուն, որի պատվավոր նախագահը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, եւ որը նախագահի ընտրությանը սատարում էր Սերժ Սարգսյանին, ապա Ս. Սաֆարյանը սխալ համարեց քաղաքականության մասին նման կատեգորիաներով դատելը: Նա ընդգծեց, որ «Նիգ Ապարանը» գլխավոր դատախազի կազմակերպությունը չէ, իսկ երբ լրագրողները հիշեցրին, որ այդ կազմակերպության պատվավոր նախագահը գլխավոր դատախազն է, եւ որ այդ կազմակերպությունը սատարել է Սերժ Սարգսյանին, ասաց, որ «Նիգ-Ապարան»-ի կողմից քաղաքական հայտարարություն անելը «Արմեն Մարտիրոսյանի խնդիրը չէ»: