Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի եւ Սփյուռքի 26 երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել բաց նամակով՝ դատապարտելով Լեհաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, որում ԱԳՆ-ն արգելում է այդ երկրի քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ «համաձայն միջազգային իրավունքի, դա ադրբեջանական տարածք է»: Ավելին, Լեհաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ կոչ էր արել նախքան ԼՂՀ այցելելը ստանալ պաշտոնական Բաքվի «թույլտվությունը» (http://www.baku.polemb.net/):
Այդ կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ասված է. «Եթե Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իրեն միջազգային իրավունքի խոշոր գիտակ է համարում, ուզում ենք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է՝ հետեւելով միջազգային իրավունքի տառին եւ ոգուն: Չենք թերանա հիշեցնելու, որ պատմականորեն հայ եւ լեհ ժողովուրդները միշտ եղել են բարեկամական հարաբերությունների մեջ:
Պատահական չէ, որ երբ թուրքերը պատրաստվում էին նվաճել Վիեննան եւ վերջնականապես ներխուժել Եվրոպա, լեհական զորքերի կազմում կռվող հայկական այրուձին կարողացավ ջախջախել թշնամուն եւ սպանել սուլթանին: Եւ դա միայն մեկ դրվագ է: Այդ կապակցությամբ մենք հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս առնվազն դատապարտում ենք Լեհաստանի ԱԳՆ-ի տարօրինակ եւ անհասկանալի հակահայկական որոշումը եւ կոչ ենք անում չեղյալ հայտարարել այն»:





























