Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են «Սկրիպալի գործը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:

«Նախագահը եւ կանցլերը քննարկել են իրավիճակը, որն առաջացել է Սոլսբերիում թունավոր նյութի կիրառմամբ: Դրանից բացի, նրանք խոսել են միջազգային այլ ընթացիկ խնդիրների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Զրույցը տեղի է ունեցել ֆիննական կողմի նախաձեռնությամբ, հստակեցվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 4-ին ՌԴ ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային անգիտակից վիճակում հայտնաբերել էին բրիտանական Սոլսբերիում: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալը թունավորվել է նյութով, որը մշակվել է խորհրդային «Նովիչոկ» ծրագրի շրջանակում:

Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունել ռուսաստանյան 23 դիվանագետների արտաքսման, ինչպես նաեւ բարձր մակարդակով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները սառեցնելու մասին: Մոսկվան հայելային պատասխան միջոցառումներ է ձեռնարկել եւ հայտարարել բրիտանացի 23 դիվանագետների արտաքսման մասին, հետ է կանչել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսարան բացելու թույլտվությունը եւ հայտարարել է Բրիտանական խորհրդի աշխատանքի դադարեցման մասին: