Մեկնարկում է «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտության ռեսուրսի ծրագիրը», որի նպատակն է աջակցություն ցուցաբերել գիտնականներին, մասնագետներին եւ ուսանողներին` նրանց հնարավորություն ընձեռելով օգտվելու Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ տարածաշրջանին վերաբերող նյութերով հագեցած նորաստեղծ թվային տեղեկատվական բազայից: ՌԱՀՀԿ թվային նոր տեղեկատվական բազան, որը պատրաստ կլինի սույն թվականի փետրվարի 1-ից հետո, բաղկացած է լինելու կարեւոր զեկույցներ, փաստաթղթեր եւ պատմական այլ նյութեր պարունակող թվային գրադարանից, որն առանձնացված, դասակարգված եւ հավաքագրված է օգտագործողի համար հեշտ որոնելի ու մատչելի ձեւաչափով: Ծրագրի թվային նոր տեղեկատվական բազան գիտնականների, մասնագետների եւ ուսանողների համար հասանելի կլինի անվճար` սույն թվականի փետրվարի 1-ից: Այն պարունակում է կարեւորագույն փաստաթղթեր տարբեր աղբյուրներից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաեւ մի շարք օտարերկրյա կառավարություններ: Տեղեկատվական այս բազան նաեւ ունի առանձին մաս, որն ամբողջովին նվիրված է WikiLeaks-ի` մշտապես թարմացվող բոլոր համապատասխան փաստաթղթերի հավաքագրմանը եւ դասակարգմանը:

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» մասին առաջին անգամ հայտարարել էր 2010թ. դեկտեմբերի 14-ին ՌԱՀՀԿ-ի կազմակերպած եւ WikiLeaks-ին նվիրված քննարկման ժամանակ: Նա նշել էր, որ ՌԱՀՀԿ-ը նպատակ ունի օգտագործել ընձեռված հնարավորությունը, որպեսզի վերլուծվեն ԱՄՆ պետքարտուղարության` այլեւս ոչ կոնֆիդենցիալ ու գաղտնի հազարավոր հաղորդագրություններն ու փաստաթղթերը` իրենց պատմական եւ քաղաքական նշանակության լույսի ներքո: