Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի եւ  4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն  ուժը կորցրած են ճանաչվել:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան  եւ 1 վիճակախաղի կազմակեպման  լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք` համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 17 մլն 500 հազար եւ 700 հազար դրամի չափով:

Նախորդ տարվա ընթացքում  այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն  դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով` 455 մլն դրամ, խաղատների  գծով` 250 մլն դրամ եւ վիճակախաղերի գծով` 300 մլն դրամ:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: