ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես է գալու ելույթով:
Նստաշրջանի օրակարգային հարցերից են ՄՀՄԻ առաջատար լաբորատորիաների ձեռքբերումների ներկայացումը, ՄՀՄԻ երկարաժամկետ ռազմավարական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի քննարկումը եւ գիտական խորհրդի առաջարկությունների ամփոփումը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հանդիպումը ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւայի հետ:




























