Չի կարող զինված պայքարով, արյունով փոփոխություններ լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Սասնա ծռերը» նոր հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ կրկին զինված պայքարի կոչեր են հնչում:

«Այս փոփոխությունների ու անցման փուլում ծայրհաեղական պայքարի, հակասահմանադրականության որեւէ կոչ, որեւէ նախաձեռնություն դատապարտելի է մեր կողմից: Մենք առաջին օրը դատապարտել են «Սասնա ծռերի» գործողությունը: Չի կարող զինված պայքարով, արյունով փոփոխություններ լինել, սա մոռացեք: Բոլոր այն ուժերը, որոնք այս պայքարի կողմնակից են, նրանք լուսանցքում են մնալու եւ չեն կարող դերակատար լինել»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանի խոսքով, բնական է, որ այդ կոչերը չեն կարող բացի սահմանափակ թվով մարդկանցից կամ վիրտուալ աշխարհից, լայն տարածում ունենալ կամ մեծ զանգվածներ ներգրավել:

«Դա նաեւ շատ վտանգավոր է: Ես անձամբ խորապես համոզված եմ, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բոլորի համար զարմանալիորեն մեծ համախմբում էր հայության, որը կարող էր նոր փոփոխությունների, նոր զարգացումների բերել հանկարծ այդ ալիքի վրա երեք ամիս հետո ունենում ենք ծայրահեղականության բացառիկ դրսեւորում, սպանություններ, պետական շենքի գրավում: Ցանկացած պարագայում զենքով հարցեր լուծերը անհուսալի եւ մարգինալ ուժերի դիրքորոշում է»: