Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումից լրագրողների աշխատանքը չի տուժի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Եթե այս տարիներին ես տեսնեի, որ լրագրողները հետեւում են կառավարության նիստերին, եւ հոդվածները, վերլուծությունները իսկապես բխում են քննարկված հարցերի բովանդակությունից, այլ բան: Միակ վատ բանն այն է, որ ունեինք այդ ձեւաչափը, հիմա չունենք, դրա համար բնական է, որ արձագանքը բացասական է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այսուհետ լրագրողներին արգելելու են նաեւ ներկա լինել Երեւանի ավագանու նիստերին, Աղվան Վարդանյանն ասաց, որ էական չէ, թե որտեղից են լրագրողները տեսնում ու լսում ավագանու նիստը:

Դիտարկմանը, որ նախկինում  նիստերի դահլիճում լրագրողը ներկա էր, լսում էր, որ ՀՀԿ-ական անդամը, օրինակ, հայհոյում է ընդդիմադիր ուժ ներկայացնող անդամին, իսկ այժմ դա չի կարող անել, որովհետեւ ուղիղ եթերում դա կարող է չլսվել, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ավագանիում կա առնվազն 2 ընդդիմադիր խմբակցություն եւ բացառված է, որ նման բան պատահի եւ այդ տեղեկությունը չհասնի լրագրողներին: Եթե նպատակը դա է, դժվար փակ նիստերը խանգարեն»:

Հիշեցնենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով ապրիլի 9-ից հետո կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, իսկ Երեւանի ավագանու նիստերը թեեւ հեռարձակվելու են, սակայն լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա լինել նիստին: