Մի քանի օր էլ համբերեք, մոտ ժամանակներս կկայացնենք որոշում եւ կհայտարարենք մեր թեկնածուի մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է լինելու ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածուն:
Հարցին, թե պարտադի՞ր է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, որ կարողանա թրծել երիտասարդներին որպես քաղաքական գործիչներ, ինչի մասն նա նշել է իր հայտնի հարցազրույցում, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք հնչեցնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ ձեր նշած թեկնածուն պետք է լինի, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ:
Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները շատ պատշաճ ձեւով կատարում է, եւ մենք գոհ ենք իր աշխատանքից։ Իսկ ամսի 9-ից հետո կխոսենք մնացած գործընթացների մասին»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդդիմադիր ուժերի կողմից պայքար սկսելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դա իրենց չի անհանգստացնում. «Պետք է դուք զգաք, որ մենք որեւէ անհանգստություն չունենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձեւը: Ես հասկանում եմ, երբ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգտագործել, բայց ինձ համար մի փոքր հասկանալի չէ, երբ խորհրդարանական ուժերը կարող են խորհրդարանը թողնել ու գնալ փողոցային պայքարի ճանապարհով: Այսօր դրա հիմքերը չկան»:
Դիտարկմանը, թե ԱԺ-ում հնարավո՞ր է հասնել իշխանափոխության հասնել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ հենց ընտրությունների միջոցով է կատարվում իշխանափոխություն՝ սահմանադրական ճանապարհով. «Այդ հնարավորությունը տրված է նաեւ խորհրդարանին: Խորհրդարանում իրենք կարող են վարչապետի թեկնածու առաջադրել, պայքարել նրա համար, ներկայացնել իերնց տեսլականները, եւ խորհրդարանը կտա իր եզրակացությունը: Իշխանափոխության համար պայքար միշտ էլ կարող է լինել, բայց դրա հիմքեր պետք է լինեն: Դրա համար պետք է հանգիստ սպասեն 2022թ., իրենց համապատասխան ձայները վաստակեն, որ սահմանադրական ճանապարհով հասնեն իրենց նպատակին»:
Նշենք, որ ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, իսկ արդեն ապրիլի 17-ին, ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, որը լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հեռանկարի դեմ պայքարի են դուրս եկել «Հանուն Հայաստան պետության» ժակատը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:




























