ՀՀԿ-ն լուրջ աշխատող համակարգ է եւ եթե ինստիտուցիոնալ մակարդակով պատրաստ չլինես նրան փոխարինելու, այլ ճանապարհով դա չես կարող անել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն լուրջ աշխատող համակարգ է եւ դրա դեմ դու պետք է ունենաս նմանատիպ, որոշ կետերով նաեւ ավելի լավ աշխատող համակարգ, հակառակ դեպքում, դու որեւէ հնարավորություն չես ունենա. «Եթե դու պատրաստ չլինես ինստիտուցիոնալ մակարդակում Հանրապատականին փոխարինելու, երբեք չես կարող որեւէ այլ ճանապարհով նրան փոխարինել, ժողովուրդը քեզ չի հավատա»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ է հայտարարում, որ ինստիտուցիոնալ պայքար է հարկավոր, ոչ թե պայքար անձերի դեմ, բայց չեն կարողացել պայքարել իշխանության դեմ, «Ելք»-ի ներկայացուցիչն արձագանքեց. «Որովհետեւ նրանք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել»։
Գորգիսյանը նշեց, որ իրենք ընտրողներին երբեք չենք խոստացել, որ հեղաշրջում կամ հեղափոխություն են անելու. «Մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու պաշտպանել իրենց շահերը, բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները, մենք դրանով զբաղվում ենք ամեն օր»:
Նա ընդգծեց, որ չի հավատում, որ զինված պայքարով հնարավոր է հաղթանակի հասնել» «Ես չեմ հավատում, մարդիկ հավատում են դրան, ես չեմ կարծում, որ ես կարող եմ նրանց խանգարել»:




























