Թուրքական Yeni Akit թերթը թողարկվել է շապիկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարով՝ Ադոլֆ Հիտլերի տեսքով: Բացի այդ, հրատարակությունը, որը հայտնի է արտաքին քաղաքականության հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ, մեղադրել է Մերկելին «նացիստական մտածողության» մեջ, հաղորդում է AFP- ն:

Թերթը Մերկելին բեղեր է նկարել եւ նացիստների համազգեստ է «հագցրել»:

 «Մենք շատ մտահոգված ենք այս մտածելակերպով», - նշվում է հոդվածում՝ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ Վառնայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախօրեին:

Մասնավորապես՝ Եվրամիությունը քննադատել է Թուրքիային թուրքական կողմում մոլորված հույն  զինվորների ձերբակալման համար:

Yeni Akit-ը գրում է, որ Մերկելը «պաշտպանել է» զինվորներին, որոնց արտահանձնումը Թուրքիան պահանջում էր եւ լռել է Գերմանիայում մզկիթները այրելու կապակցությամբ, եւ այժմ «նա մտահոգված է հույն զինվորների խնդրով, որոնք փորձում էին մեզ լրտեսել»: «Նյարդայնացնում է, որ Մերկելն իր նացիստական մտածելակերպով մեկնաբանում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները», - գրում է թերթը:

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական թերթը Մերկելին նացիստական բռնապետի տեսքով է պատկերում: